Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը «սպառնացե՞լ է պետությանը», թե՞ «քաղբանտարկյալ» է


Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում. պաշտպանության խորհուրդ


Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների ձևավորած պաշտպանության խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ պնդել է՝ Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, և նրան ներկայացված մեղադրանքը որևէ առնչություն չունի Քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ:

«Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի, ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարության պայմաններում՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով
քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը»:

Սամվել Կարապետյանն օրերս պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցուն ու ասել․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Վարչապետի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա և կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով:

Իշխանության պնդմամբ՝ Սամվել Կարապետյանը «սպառնացել է պետությանը», ընդդիմությունը սա «քաղաքական հետապնդում» է որակում


Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցերին իշխանությունն ու ընդդիմությունը հակադիր պնդումներ էին անում գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության հետ կապված, ինչն էլ երեկ նրա կալանավորման պատճառը դարձավ: Իշխանության պնդմամբ՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն իր հայտնի հարցազրույցում սպառնացել է պետությանը:

Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համաձայն չէ այն որակման հետ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան արդարադատություն է իրականացնում, այսինքն՝ Ֆեյսբուքի իր էջում սպառնում է գործարարին, որից հետո նրան կալանավորում են։

«Սամվել Կարապետյանը սպառնաց, և նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան: Մարդիկ, ունենալով այլ երկրում կենսական շահեր, գալիս են ՀՀ և պետությանը սպառնում են, ինչից հետո, բնականաբար, պետք է գնահատական տրվի և՛ քաղաքական, և՛ քրեաիրավական, և՛ ինչպես այո, իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետք է մնա նրանց բերանում, և հիմա մենք այդ պրոցեսի մեջ ենք գտնվում», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհրդից բացի, խորհրդարանական ընդդիմության համոզմամբ ևս՝ Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։ Իսկ պատճառը, ըստ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, այն է, որ Կարապետյանը պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն՝ դրանով հակադրվելով Նիկոլ Փաշինյանին, ինչը կարող է վնաս հասցնել եկեղեցու դեմ իշխանության նախաձեռնած արշավին։

«Այն, որ սա քաղաքական հետապնդում էր, ինձ համար ակնհայտ է, անկախ նրանից, թե ով դա ինչպես հետագայում կմեկնաբանի», - ասաց «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով, - «Իշխանության համար առավել վտանգավոր է դիտարկվել այն տեսանկյունից, որ մեծ առումով եկեղեցին ունի շատ մեծ հեղինակություն, և հեղինակավոր անձանց ի սատարումն եկեղեցու հայտարարությունները կամ որևէ գործողություն, բնականաբար, իշխանության համար շատ ավելի մեծ վտանգավորություն է ներկայացնում, և իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, նաև դրա շուրջ հնարավոր հասարակական մոբիլիզիացիան, ինչը, կարծում եմ, որևէ արդյունք չի տալու»:


«Վախը նրա կակուղ, փափուկ հյուսվածքների մեջ է, որը երբեք չի անցնելու, այդ վախը հաղթահարելու համար նա փորձելու է ցանկացած քայլի դիմել», - հավելեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:

Վարդանյանն այսօր տեղեկացրեց, որ խիստ սահմանափակումներ են կիրառվում կալանավորված Սամվել Կարապետյանի նկատմամբ: Անգամ պատգամավորները իրավունք չունեն նրան այցելելու, միայն փաստաբանները և մերձավոր ազգականները: Աղվան Վարդանյանը կասկածներ ունի, թե ինչու են Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ՝ հեռացնելով մայրաքաղաքից. - «Որ հանկարծ մարդ չհավաքվի, ցույցեր չլինեն»:

Հարցին, թե ընդդիմության կողմից կլինեն գործողություններ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Աղվան Վարդանյանն ասաց է, թե քննարկումններ կլինեն, և շատ բան կախված է հենց Սամվել Կարապետյանի մոտեցումներից:

Արդյո՞ք Ռուսաստանի քաղաքացի, միլիարդատեր Սամվել Կարապետյանը նպատակ ունեցել է մասնակից դառնալ հայաստանյան քաղաքական գործընթացներին, ընդդիմադիր պատգամավորը հարցին ուղիղ չպատասխանեց. «Որևէ արժանապատիվ հայ մարդ, Հայաստանի, Արցախի համար ամեն ինչ արած մարդ, չի կարող համակերպվել այն իրավիճակին, որ բերել են այս չարիքի իշխանությունները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG