Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը պետականացնելու մեթոդների և մեխանիզմների մասին առաջիկայում կհայտարարվի. ՏԿԵ նախարար


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարում է՝ առաջիկայում կհրապարակվի ՀԷՑ-ը պետականացնելու կոնկրետ ծրագիրը: Դավիթ Խուդաթյանը, սակայն, ո՛չ ժամկետներն է հստակեցնում, ո՛չ հայտնում, թե որ կառույցն է զբաղվում այդ հարցով և ինչ մեթոդով է ռուսաստանաբնական միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունն անցնելու կառավարությանը: ՔՊ-ական նախարարը պնդում է՝ այս հարցում հետքայլ չեն անելու:

«Էս որոշման հետ կապված փոփոխություններ չեն ակնկալվում և փոփոխություններ չեն լինելու, մենք գնալու ենք պետական կառավարում իրականացնելու ճանապարհով, որն ակնհայտ բերելու է որակական փոփոխությունների», - ասաց Խուդաթյանը:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք է բերել տասը տարի առաջ: Ընկերությունը սպասարկում է ավելի քան մեկ միլիոն սպառողի: ՀԷՑ-ը պետականացնելու մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց երեք օր առաջ, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում «իրենց ձևերով կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործընթացներին»:

Այս հարցազրույցից ժամեր անց Կարապետյանը հայտնվեց բանտում, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նույն ժամերին նաև հայտարարեցին՝ պետականացնելու են ՀԷՑ-ը: Այժմ պնդում են, թե դա կապ չունի Կարապետյանի աղմկահարույց հայտարարության հետ, պատճառը քաղաքացիների դժգոհություններին լուծում տալն է: Նույնն այսօր կրկնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

«Դժգոհությունը, որի մասին խոսում ենք, թակել է մեր քաղաքացիների մեծամասնության դռները: Քաղաքացիների մեծամասնությունը իսկապես էլեկտրամատակարարման որակի հետ կապված դժգոհություններ ունի: Եվ մենք գնում ենք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով, մենք գնում էինք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով, երբ քաղաքական հայտնի հայտարարությունները եղան», - ընդգծեց նա:

«Հայաստան» խմբակցությունից ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որ պնդում է, թե Սամվել Կարապետյանից ընկերությունը խլում են նրա հայտարարության համար, տարակուսած է իշխանության հիմնավորումներից:

«Եթե ես փորձում եմ տրամաբանորեն մոտենալ, այսինքն, եթե ես ընդունում եմ, որ փոխելով սեփականության ձևը՝ կդառնա ավելի արդյունավետ, սպառողի շահերն՝ ավելի պաշտպանված, ներդրումները կհորդան դեպի այդ ոլորտներ, ապա ես առաջարկում եմ իրենց, ըստ այդ տրամաբանության, բոլոր բիզնեսները պետականացրեք, բոլոր ոլորտներում պետականացրեք ամեն ինչ, թող դառնա Սովետական սոցիալիստական նախկին տնտեսական համակարգը, մենք ապրեն երջանիկ, սպառողները՝ պաշտպանված, տնտեսությունն՝ անվտանգ, երկարաժամկետ կայուն զարգացման», - նշեց Ավետիսյանը:


XS
SM
MD
LG