Մատչելիության հղումներ

ՔՊ-ից ասում են՝ ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծ ԱԺ-ում չկա. ինչի՞ մասին է վարչապետի հայտարարությունը

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում զրուցում է լրագրողների հետ, 18-ը հունիսի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում զրուցում է լրագրողների հետ, 18-ը հունիսի, 2025թ.

«Ազգային ժողովում արդեն կա նախագիծ՝ օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է՝ ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ». - վարչապետի երեկվա այս հայտարարությունից հետո նրա թիմակիցներն այսօր խորհրդարանում հայտարարեցին ճիշտ հակառակի մասին՝ ՀԷՑ-ը ազգայնացնելու ոչ մի նախագիծ Ազգային ժողովում չի շրջանառվում:

«Քաղաքացիական պայմանագրից» Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն առհասարակ չգիտեր՝ խորհրդարա՞նը, թե՞ Կառավարությունն է այդպիսի նախագիծ հեղինակելու:

«Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է, որ դեռևս Կառավարությունից Ազգային ժողով չի հասել, կամ, գիտեք, որ քննարկումների փուլ է լինում՝ նախնական քննարկում, հետո նոր, այսինքն, Կառավարություն, հանձնաժողով, Կառավարություն, հանձնաժողով, մինչև որ նախագիծը ստացվում է արդեն պատրաստ: Բնականաբար, Տնտեսական հանձնաժողովը պետք է քննի, իհարկե, կարող է նաև Պետաիրավական հանձնաժողովը համատեղ քննեն՝ կախված հարցի բովանդակությունից: Այս պահին մեր հանձնաժողովում նախագիծ չկա», - «Ազատությանն» ասաց Բագրատյանը:

ՔՊ-ական Արման Եղոյանը, որը երեկ հենց տեղում լսում էր վարչապետի հայտարարությունը, զարմացավ ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագծի մասին «Ազատության» հարցից.

«Ազատություն». - Նախագիծ է շրջանառվում, ի՞նչ նախագիծ է շրջանառվում, ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծ:

Արման Եղոյան. - Ինչի մասին է խոսքը՞, ով էր ասո՞ւմ:

«Ազատություն». - Պարոն վարչապետը երեկ հայտարարեց, որ նախագիծ է շրջանառվում, ի՞նչ նախագիծ է շրջանառվում:

Եղոյան. - Ազգային ժողովում ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախ... ճիշտ ե՞ք հիշում մեջբերումը: Ես ծանոթ չեմ նման նախագծի, ճիշտն ասած: Միգուցե Կառավարությունո՞ւմ է շրջանառվում ... Չգիտեմ:

ՀԷՑ-ը պետականացնելու մասին վարչապետը հայտարարեց, երբ երկու օր առաջ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը խոսեց եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործում իր հնարավոր մասնակցության մասին: Սրանից ժամեր անց «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հայտնվեց բանտում:

Ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բացատրում է, թե որ դեպքում պետությունը կարող է անձի սեփականությունը պետականացնել. - «Ենթադրենք, պետք է էստեղ մի ենթակառուցվածք՝ ճանապարհ, ջրամբար կամ չգիտեմ ինչ պիտի կառուցվի, և պետությունը բացառիկ շահ է ճանաչում հանրային, և այդ հողակտորը կամ ... սեփականատիրոջ նաև գույքային իրավունքը պարտադիր պետականացնում է, որպեսզի ճանաչի հանրային շահ և էստեղ իրականացնի ենթակառուցվածքային ներդրումներ: Հաջորդը՝ եթե, օրինակ, Աստված չանի, անվտանգային և այլ խնդիրներ են առաջանում, և պետությունը, օրինակ, նաև մասնավորից պարտադիր օրենքի ուժով, իրավունքի ուժով վերցնում է որոշակի շարժական, անշարժ գույք և դա ծառայեցնում է կոնկրետ էդ նպատակներին»:

Իշխանական խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն աջակցում է վարչապետի այս գաղափարին, բայց այդպես էլ ոչ մի հստակ մեխանիզմ չնշեց, որով էլեկտրական ցանցերը կդառնան պետության սեփականությունը: Փոխարենը՝ տարբեր սցենարներ նշեց, որոնցով կարող են հասնել ընկերության ազգայնացմանը, բայց բոլոր դեպքերում պատգամավորը միայն ենթադրություններ ուներ. - «Առնվազն ես տեղյակ չեմ այդ մասին՝ որևէ սցենարից պետականացման, և պետականացման մասին վերջին խոսակցություններով եմ ես տեղեկացել: Այսինքն, որպես այդպիսին դա որ պիտի պետականացվի, Ազգային ժողովում դուք լսեցիք, ես էդ ժամանակ եմ տեղեկացվել էդ մասին»:

Իշխանական Արման Եղոյանն այսօր պնդում էր՝ ՀԷՑ-ի հարցը կապ չունի Սամվել Կարապետյանի վերջին հայտարարության հետ, այն իրենց ուշադրության կենտրոնում է եղել դեռ ամիսներ առաջ, երբ պարզել են, որ ահռելի ներդրումներ չեն կատարվել. - «Էլ չասած նրա մասին, որ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը, մասնավորապես՝ շատ դեպքերում մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան, ասենք, հաշվիչները կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերություններից: Շատ որակավորված սպառողներից կամ ընդհանրապես սպառողներից մենք բողոքներ ենք ստանում, որ շուկայի ազատականացված հատվածում ՀԷՑ-ի հետ փոխկապակցված ընկերությունները ստիպում են, որ որակավորված սպառողները հոսանքը ձեռք բերեն հենց իրենցից»:

Եղոյանի նշած քննարկումը անցած տարվա սեպտեմբերին էր, այդ օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում, թե իշխանությունը մտադիր է գործարար Սամվել Կարապետյանից վերցնել էլեկտրական ցանցերը։ «Քաղաքացիական պայմանագրից» կտրուկ հերքում էին:

«Մեր ժամանակ իշխանությունը էդ ո՞ւմ բիզնեսն է վերցրել կամ էդ ո՞ւմ բիզնեսն է վաճառել, էդ ի՞նչ հեքիաթներ են պատմում: Էդ ամեն ինչը հատուկ է շատ տարբեր այլ քաղաքական ուժերի ու ռեժիմների, բայց ոչ մեր քաղաքական թիմին ու ժողովրդի քվեով ընտրված իշխանությանը», - հայտարարել էր, մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Մինչդեռ երեկ վարչապետ Փաշինյանը պնդում էր. - «Հեսա շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն»:

Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանից նրա ընկերությունը խլում է եկեղեցուն աջակցելու համար. - «Խոսքի նկատմամբ տեռոր է սա, ըստ էության, որի դրսևորման ձևերից մեկն էլ սեփականության, այսպես ասենք, ավելի շատ խլելն է կամ մարդկանց ունեզրկելը. - «Ասել ես մի բան, որ իմ քաղաքական շահին հակառակ է՝ նեղ քաղաքական, կուսակցության, խմբային, ես էլ ունեմ լծակ՝ քեզ կունեզրկեմ, բանտ կնստեցնեմ, կամ, չգիտեմ, կարտաքսեմ»:

Պատգամավորի խոսքով՝ սա խիստ բացասաբար կանդրադառնա առանց այն էլ վատ վիճակում գտնվող Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Իսկ ներդրումների, անարդյունավետ կառավարման և այլ խնդիրների մասին իշխանականների բացատրությունները, ասում է, համոզիչ չեն: Հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞վ էին զբաղվում Հանրային ծառայությունները կարգավորող և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովները:

«Առնվազն էս իշխանության օրոք յոթ տարի շարունակ էդ խնդիրները, էսպես, հասունանում, հասունանում են, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ ոչ, պետք է վիրահատվի, պետք է սեփականության ... Ինչի՞ սեփականության ձևը, հիմա, դուք՝ որպես Հայաստանի քաղաքացի, որ տնտեսագետ չեք, կառավարման գուցե մասնագետ չեք, շատ պարզ հարց՝ այսինքն, որ սեփականության ձևը փոխենք, էն խնդիրները, որ իրենք նշում են, էդ խնդիրները լուծվելու ե՞ն», - ընդգծեց Ավետիսյանը:

Հայաստանի էլեկտրական ցանցերը ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը պատկանող «Տաշիր գրուպ»-ը ձեռք է բերել 10 տարի առաջ՝ 2015 թվականին։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան մեկ միլիոն սպառողի: Կաառավարությունից ևս «Ազատություն»-ը փորձեց ճշտել՝ կա՞ այս ընկերությունը պետականացնելու որևէ նախագիծ կամ նախագծերի փաթեթ, որ գործադիրն այժմ մշակում է, այնտեղից ուղղորդեցին ոլորտի հարցերով զբաղվող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այստեղից այդպես էլ չարձագանքեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG