«Իրանն օժտված է Իսրայելի խելագար հարձակումներից պաշտպանվելու բոլոր օրինական, լեգիտիմ և բնական իրավունքներով», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով, Իսրայելը Իրանին հարվածեց՝ «չսպասելով միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին»։
«Իսկ Գազայում ցեղասպանության հարցում Նեթանյահուն գերազանցել է Հիտլերին», - եզրափակել է Էրդողանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ուղղակի ռազմական օգնությունը կարող է արմատապես անկայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան կապի մեջ է ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի հետ։
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանում ևս երկու միջուկային օբյեկտ է տուժել։ Այս մասին այսօր հայտարարել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները։
Նրանց խոսքով՝ տուժած հաստատություններից մեկը ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգեր արտադրող ТЕSA գործարանն է, որ գտնվում է Քարաջ քաղաքում, մյուսը՝ Թեհրանի հետազոտական կենտրոնը։
«Քարաջում երկու շինություն է վնասվել, Թեհրանում՝ մեկը», - X-ի պաշտոնական օգտահաշվում տեղեկացրել է գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ի իր էջում գրել է. - «Թեհրանի վրայով անցնում է տորնադոն։ Իշխանության խորհրդանիշները ռմբակոծվում և փլուզվում են՝ հեռարձակող մարմնից մինչև շուտով այլ թիրախներ, քանի որ բնակիչների զանգվածները փախչում են։ Ահա թե ինչպես են տապալվում բռնապետությունները»։