Մատչելիության հղումներ

Իրանական հրթիռը հարվածել է իսրայելական հիվանդանոցին

Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

08:56 18.6.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանում հարվածել են ցենտրիֆուգների արտադրության կայանին և զենքի գործարաններին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Զինվորականները հայտնում են, որ ավելի քան 50 ինքնաթիռ մասնակցել է գիշերային գործողություններին, որոնք ներառում էին հարվածներ իրանական ցենտրիֆուգների արտադրության կայանին և մի քանի զենքի արտադրության օբյեկտներին։

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ Թեհրանում գտնվող ցենտրիֆուգների արտադրության կայանն օգտագործվել է Իրանի կողմից՝ միջուկային զենք մշակելու նպատակով ուրանի հարստացման ծավալը և արագությունը ընդլայնելու համար։

08:40 18.6.2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ Իսրայելն անտեսում է բոլոր միջազգայնորեն ընդունված կանոնակարգերը՝ զգուշացնելով, որ տարածաշրջանը կարող է երբեք կայուն խաղաղություն և անվտանգություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի։

Երեքշաբթի օրը ԱՄԷ նախագահ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Փեզեշքիանն ասել է, որ սկզբից ինքը ձգտել է միասնության և համերաշխության՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությամբ Իսրայելի ռեժիմը փորձել է խոչընդոտել Իրանի խաղաղության ջանքերը։

08:25 18.6.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է՝ Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին՝ նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին, հայտնում է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել չորեքշաբթի վաղ առավոտյան՝ նշելով, որ վերջին հարվածների ժամանակ օգտագործվել են «Ֆաթահ» հրթիռների առաջին սերնդի մոդելները, որոնք բազմիցս հաղթահարել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը և «փոխանցել են Իրանի հզորության ուղերձը Թել Ավիվի պատերազմասեր դաշնակիցին, որն ապրում է պատրանքային ցանկությունների մեջ»։

«Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք ամբողջությամբ վերահսկում ենք օկուպացված տարածքների օդային տարածքը, որոնց բնակիչները լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարվածների դեմ», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։

Նախօրեին ԱՄՆ նախագահը կտրուկ սրեց իր հռետորաբանությունը Իրանի գերագույն առաջնորդի հասցեին՝ սոցիալական ցանցում հայտարարելով, որ Ամերիկան գիտի՝ որտեղ է նա այժմ գտնվում, բայց «առայժմ» չի սպանի նրան։

22:22 17.6.2025

Իրանի պետական հեռուստատեսությունը կոչ է արել ժողովրդին հեռացնել WhatsApp հաղորդագրությունների հարթակը իրենց հեռախոսներից՝ պնդելով, որ հավելվածը հավաքագրում է տեղեկություններ՝ Իսրայել ուղարկելու համար։ Հեռուստաընկերությունը որևէ կոնկրետ ապացույց, սակայն, չի ներկայացրել։

WhatsApp-ը այս պնդումները կեղծ է որակել և նշել՝ «մտահոգիչ է, որ դրանք մեր ծառայությունների արգելափակման պատրվակ կդառնան մի փուլում, երբ մարդիկ դրանց կարիքն ամենաշատն ունեն»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG