Փաստաբանական ծախսեր, որ թույլ չեն տալիս Վանաձորին համայնքապետի նոր ընտրություններ անցկացնել

Վերաքննիչ վարչական դատարանի նոր անակնկալը վանաձորցիներին. դատարանը որոշել է վերսկսել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից դեռ 2021 թվականի դեկտեմբերին ներկայացված հայցի քննությունը, որով կուսակցությունը պահանջել էր պարտավորեցնել Վանաձոր համայնքի նորընտիր ավագանուն ձեռնպահ մնալ համայնքի ղեկավար ընտրելու գործողություններից։

Ուղիղ մեկ ամիս առաջ դատարանը հայտնել էր, որ այսօր կհրապարակվի վերջնական վճիռը: Ենթադրվում էր, որ այսօրվա վճռից հետո Վանաձոր համայնքի ավագանին հնարավորություն կստանա համայնքի ղեկավար ընտրել, ինչի հնարավորությունն արգելափակված է արդեն երեքուկես տարի:

Ուշագրավ է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռ 2024 թվականի հոկտեմբերին հետ է վերցրել իր հայցը և պաշտոնապես հրաժարվել բողոքից։ Նման իրավիճակում դատարանը պետք է դադարեցներ գործի քննությունը, սակայն հակառակն է տեղի ունեցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը հունվարին կքննի ԼՀԿ-ի՝ հետընտրական հայցից հրաժարվելու դիմումը

Այսօր հրապարակված որոշման մեջ նշված է, որ գործի երրորդ կողմ հանդիսացող Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն է նախօրեին նոր պահանջ ներկայացրել դատարան՝ վերսկսել գործի քննությունը «դատական ծախսերի բաշխման հարցը լուծելու նպատակով»։

Կուսակցության փաստաբան Արթուր Սուքիասյանը դատարան ներկայացրած իր միջնորդության մեջ նշել է, թե «իրավական օգնություն ցույց տալու մասին» պայմանագիր ունի կուսակցության հետ, և խնդրել է «նույն պայմանագրի արժեքը ներառել սույն վարչական գործով դատական ծախսերի մեջ»։ Սա նշանակում է, որ արդեն 3,5 տարի ձգվող իրավական գործընթացը դեռ կարող է շարունակվել, ու Վանաձորի ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն չի ունենա, քանի դեռ դատարանը չի վճռել՝ դատական վեճի ո՞ր կողմը կվճարի՞ փաստաբանին իր ծառայության դիմաց:

Փաստաբանը, որ 2023-ին մեկ այլ գործի առնչությամբ կարգապահական տույժի է ենթարկվել Փաստաբանների պալատի կողմից, այսօր հրաժարվեց մեկնաբանել՝ ինչ հիմնավորմամբ են փաստաբանական ծախսերի պահանջը խառնել համայնքի ղեկավարի ընտրությունն արգելող իրավական գործընթացի հետ: Արդյո՞ք իր իրավաբանական ծառայություններից օգտված կուսակցությունը հրաժարվել է վճարել փաստաբանական ծախսերի դիմաց, կամ թե որքան է կազմել այդ ծախսը, հանուն որի համայնքում շարունակում է կաթվածահար լինել ինքնակառավարումը:

Պարզ չէ նաև՝ ինչու դեռ մեկ տարի առաջ կնքված պայմանագիրը փաստաբանը դատարանին միայն երկու օր առաջ է ներկայացրել՝ վճռի հրապարակումից մեկ օր առաջ: Ասաց՝ որևէ մեկին, առավել ևս քաղաքացիներին, բացատրություն տալու պարտավորություն չունի, ու որ պահանջը ոչ թե իրենն է, այլ ՀԱՍԿ կուսակցությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՀԿ-ն կդիմի դատարան՝ պաշտպանելու Վանաձորի ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը

Վանաձորցի իրավապաշտպան, ՏԻՄ հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանը կարծում է, որ այս ամբողջ դատական գործում ընդամենը երրորդ կողմ հանդիսացող ՀԱՍԿ կուսակցությունն ու նրա փաստաբան Արթուր Սուքիասյանը միտումնավոր չարաշահել են դատական ծախսերը պահանջելու իրենց իրավունքը՝ իրավական գործընթացն անհարկի երկարաձգելու համար: Այդ պահանջը դատարանը կարող էր առանձին քննել՝ համայնքի ավագանուն վերաբերող գործով վճռից հետո միայն: Իրավապաշտպանը եզրակացնում է՝ Վանաձորում իշխանություն ունեցող Արկադի Փելեշյանն է շահագրգիռ այս դատական գործընթացի միջոցով երկարաձգել իր պաշտոնավարումը:

«Թույլ է տալիս որակել, որ սա իրականացված է դիտավորությամբ, և այս պարագայում, իհարկե, իրավունք ունի, բայց սա արդեն իրավունքի չարաշահում է», - ասաց նա:

Դատարան միջնորդություն ներկայացրած և դարձյալ ընտրովի համայնքապետ ունենալու Վանաձորի հնարավորությունը հետաձգած կուսակցության՝ ՀԱՍԿ-ի գլխավոր անդամը Վանաձորում Արկադի Փելեշյանն է, որ արդեն երեք տարի համայնքի ժամանակավոր ղեկավարն է: Քանի դեռ դատարանները հետաձգում են իրավական գործողությունները, նա կշարունակի ղեկավարել համայնքը՝ որպես պաշտոնակատար: Նրան նշանակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ 2021-ի տեղական ընտրություններից հետո նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը մեծամասնություն կազմեց, ու Ասլանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վանաձորում սպասվում են ընտրություններ». ԼՀԿ-ն դատարան է դիմել ու հրաժարվել հետընտրական հայցից

2021 թվականի տեղական ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վիճարկել էր Վանաձորի ընտրությունների արդյունքները և դատարան դիմել՝ պահանջելով արգելել համայնքի ղեկավար ընտրելու գործընթացը։
2024 թվականի մայիսին վարչական դատարանը մերժեց կուսակցության հայցը՝ փաստացի ճանաչելով 2021-ի ընտրությունների արդյունքների օրինականությունը։
Վճռի դեմ բողոք ներկայացրեց երրորդ անձ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որի ներկայացուցիչն արդեն համայնքի ժամանակավոր ղեկավարն էր:

Ստացվում է՝ բուն վեճի առարկան՝ ընտրությունների օրինականության հարցը, չկա, բայց Վանաձորի բնականոն ինքնակառավարումը մնացել է անորոշության մեջ զուտ տեխնիկական հարցերի պատճառով:

Մանրամասն՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Վարչական դատարանը վերսկսել է Վանաձորի ղեկավարի ընտրության դեմ 3,5 տարի առաջ ներկայացված հայցի քննությունը