«Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր». Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չէր մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում, 20-ը հունիսի, 2025

Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը, երեկ Թուրքիայի հայ համանքի հետ հանդիպման ընթացքում հարցրեց «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ փոխարենը ներկա են Ստամբուլի Հայ կաթողիկե համայնքի սրբազանը և Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչը: Արդյո՞ք հրավեր եղել է Հայ առաքելական եկեղեցուն:

Հարցին պատասխանեց հանդիպմանը մասնակցող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, նշելով, որ հրավեր ուղարկվել է:

«Այժմ Պատրիարք Տերը [Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը] գտնվում է Լոս Անջելեսում: Վաղուց, դեռ մեկ ամիս առաջ նախատեսված այց էր, երկուշաբթի օրն է մեկնել: Հրավեր ուղղվել է, ես անձանբ խոսել եմ [պատրիարքի փոխանորդ] Արամ սրբազան Աթեշյանի հետ և պատիրարքական տեղապահի ավագ քահանա Թամադյան հետ, անձամբ հրավիրել եմ և խնդրել եմ մասնակցել», - հայտեց Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե իր ծրագրով նախատեսված է այցելություն Պոլսո հայոց պատրիարքարան, անպայման եկեղեցի պետք է մտնի ու մոմ վառի:

«Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասաց վարչապետը:

Երեկ՝ ավելի ուշ Փաշինյանն այցելեց Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մոմ վառելու, որի մասին տեսանյութ էր հրապարկել: Սակայն վարչապետ - եկեղեցի - կաթողիկոս լարվածության պայմաններում՝ քահանաներ չկային նաև Աթոռանիստ Մայր եկեղեցում:

Եվ եթե Սուրբ Աստվածածին եկեղեցում հայ քահանաներ չդիմավորեցին վարչապետ Փաշինյանին, Ստամբուլի Կապույտ մզկիթում նրան դիմավորեց և ուղեկցեց մահմեդական հոգևորականը: