Պակիստանը Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի է առաջադրել

Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Իսլամաբադը պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծում է, որ Թրամփն արժանի է այդ մրցանակին «Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին ճգնաժամի ընթացքում ուժեղ դիվանագիտական միջամտության և առանցքային ղեկավարության» համար։

Անցած ամիս հարեւան երկրների միջեւ տարաձայնությունները կտրուկ սրվեցին, որին հաջորդեցին փոխադարձ օդային հարվածները։

Պակիստանի կառավարությունը պնդում է, որ հենց Թրամփի միջամտության շնորհիվ «կանխվեց երկու միջուկային տերությունների միջև խոշոր հակամարտությունը, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ»:

Նախօրեին Թրամփը, Truth Social սոցիալական ցանցում տեղեկացնելով, որ Վաշինգտոնը առաջընթաց է ապահովել Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղ բանակցություններում, կասկած էր հայտնել իր այդ ջանքերի համար Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու հարցում:

«Ես դրա համար Նոբելյան մրցանակ չեմ ստանա, Նոբելյան մրցանակ չեմ ստանա նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը դադարեցնելու համար», - գրել էր նա:

ԱՄՆ նախագահը նաև կարծիք էր հայտնել , թե հեղինակավոր այդ մրցանակին իրեն չեն արժանացնի, նույնիսկ եթե դադարեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմները:

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը միաժամանակ պնդել էր, որ 4 կամ 5 անգամ կարող էր արժանանալ Նոբելյան խաղաղության մրցանակին, բայց ինքը չի ստանա, «քանի որ այն շնորհում են միայն լիբերալներին»: