ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրավիրել Երևան՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող ԱԿՕՍ թերթը՝ նշելով, որ Հայաստանի առաջնորդը սրա մասին հայտարարել է այսօր Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Խոսելով Թուրքիա կատարած իր այցի և նախագահ Էրդողանի հետ սպասվող հանդիպման մասին, ինչպես փոխանցում է պոլսահայ լրատվամիջոցը, Փաշինյանը ընդգծել է, որ «կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների առկայության դեպքում, և ասել, որ այս շրջանակներում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն»։
«Փաշինյանն ասել է, որ երբ սկսվել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, հարց է առաջացել՝ կհաջողվի՞, ապա ասել է՝ խնդիրները պետք է ճիշտ սահմանվեն, մենք քայլ ենք արել ճանապարհի վրա, խնդիրները լուծելու ամենակարևոր ճանապարհը դիմացինին լսելն ու հաջողությանը հավատալն է», -գրում է ԱԿՕՍ պարբերականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը Ստամբուլում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ