Ադրբեջանի զինուժը կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ տնուժածներ չկան:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել:

Սյունիքում կրակոցները սկսվել են մարտից, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Փաստաթղթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Թեև այս նախապայմանների մեջ չի նշվում, բայց Բաքուն Հայաստանից նաև Սյունիքով ճանապարհ է պահանջում դեպի Նախիջևան՝ անխոչընդոտ ու առանց մաքսային հսկողության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սյունիքի հետ կապված վտանգի մասին հայտարարությունները համարում եմ սադրիչ, չհիմնավորված. Փաշինյան