Վերաքննիչ վարչական դատարանի նոր անակնկալը վանաձորցիներին. դատարանը որոշել է վերսկսել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից դեռ 2021 թվականի դեկտեմբերին ներկայացված հայցի քննությունը, որով կուսակցությունը պահանջել էր պարտավորեցնել Վանաձոր համայնքի նորընտիր ավագանուն ձեռնպահ մնալ համայնքի ղեկավար ընտրելու գործողություններից։
Ուշագրավ է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռ 2024 թվականի հոկտեմբերին հետ է վերցրել իր հայցը և պաշտոնապես հրաժարվել բողոքից։ Նման իրավիճակում դատարանը պետք է դադարեցներ գործի քննությունը, սակայն հակառակն է տեղի ունեցել։
Այսօր հրապարակված վճռում նշված է, որ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը նախօրեին նոր պահանջ է ներկայացրել դատարան՝ վերսկսել գործի քննությունը «դատական ծախսերի բաշխման հարցը լուծելու նպատակով»։
Կուսակցության փաստաբան Արթուր Սուքիասյանը, որ դեռևս չի պատասխանել «Ազատության» զանգերին, նշել է, որ «Իրավական օգնություն ցույց տալու մասին» պայմանագիր ունի կուսակցության հետ և խնդրել է «նույն պայմանագրի արժեքը ներառել սույն վարչական գործով դատական ծախսերի մեջ»։ Սա նշանակում է, որ արդեն 3,5 տարի ձգվող իրավական գործընթացը դեռ կարող է շարունակվել ու Վանաձորի ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն չունենալ, քանի դեռ դատարանը չի վճռել՝ ՀԱՍԿ կուսակցությունը կվճարի՞ փաստաբանին ցուցաբերած իրավական աջակցության դիմաց:
Դատարան բողոք ներկայացրած և դարձյալ ընտրովի համայնքապետ ունենալու Վանաձորի հնարավորությունը հետաձգած կուսակցության՝ ՀԱՍԿ-ի ներկայացուցիչն արդեն երեք տարի համայնքը ժամանակավորապես ղեկավարող Արկադի Փելեշյանն է: Քանի դեռ դատարանները հետաձգում են իրավական գործողությունները նա կշարունակի ղեկավարել համայնքը՝ որպես պաշտոնակատար: Նրան նշանակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ 2021-ի տեղական ընտրություններից հետո նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը մեծամասնություն կազմեց ու Ասլանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց:
2021 թվականի տեղական ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վիճարկել էր Վանաձորի ընտրությունների արդյունքները և դատարան դիմել՝ պահանջելով արգելել համայնքի ղեկավար ընտրելու գործընթացը։
2024 թվականի մայիսին ՀՀ վարչական դատարանը մերժեց կուսակցության հայցը, փաստացի ճանաչելով 2021-ի ընտրությունների արդյունքների օրինականությունը։
Վճռի դեմ բողոք ներկայացրեց երրորդ անձ՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը։
Ստացվում է՝ բուն վեճի առարկան՝ ընտրությունների օրինականության հարցը, չկա, չնայած դատարանի վճիռը «Լուսավոր Հայաստան»-ի օգտին չէ, ինքը՝ կուսակցությունը հետ է վերցրել իր հայցը, սակայն Վանաձորի համայնքի բնականոն ինքնակառավարումը մնացել է իրավական անորոշության մեջ զուտ տեխնիկական հարցերի պատճառով: