Մատչելիության հղումներ

Թրամփը հստակ չի ասել, թե արդյոք որոշում ունի՞ միանալ Իսրայելի օդային հարվածներին Իրանի դեմ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում հրաժարվել է հստակ ասել՝ արդյո՞ք որոշում է կայացրել Իսրայելի օդային գործողություններին միանալու վերաբերյալ։

«Կարող է՝ անեմ, կարող է՝ չանեմ։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի՝ ես ինչ եմ պատրաստվում անել», - ասել է նա։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ իրանական պաշտոնյաները ցանկացել են Վաշինգտոն գնալ բանակցությունների համար, և հավելել․ «Մենք կարող ենք դա անել, բայց հիմա արդեն մի քիչ ուշ է դրա համար»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, առաջին անգամ հայտնվելով հանրության առաջ ուրբաթ օրվանից ի վեր, հեռուստատեսությամբ հնչեցրած տեսաուղերձում մերժել է Թրամփի ավելի վաղ կոչը Իրանի հանձնվելու վերաբերյալ։

«Ամերիկացիները պետք է հասկանան, որ ցանկացած ռազմական ներխուժում անխուսափելիորեն կուղեկցվի անդառնալի վնասներով», - ասել է Խամենեին, - «Իրանի ժողովուրդը չի հանձնվելու»։

Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու ցանկությունը՝ պնդելով, որ իր ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ անցած շաբաթ 20 տարվա ընթացքում առաջին անգամ Թեհրանը խախտել է իր պարտավորությունները չտարածման համաձայնագրի շրջանակում։

The Wall Street Journal-ը գրել է, որ Թրամփն իր խորհրդականներին ասել է՝ հաստատել է Իրանի վրա հարվածների ծրագիրը, սակայն հետաձգում է վերջին հրամանը տալը, մինչև հասկանա, թե արդյոք Թեհրանը հրաժարվելու է միջուկային ծրագրից։

Bloomberg-ը հաղորդում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են հնարավոր հարձակման Իրանի վրա մոտակա օրերին՝ հղում տալով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։


XS
SM
MD
LG