Մատչելիության հղումներ

«Սրբազան պայքարի» ու ՀՅԴ կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ են. պատգամավորներ


«Սրբազան պայքարի» կողմնակիցների զանգվածքային ձերբակալություններ են ընթանում Երևանում և մարզերում, քիչ առաջ «Ազատությանը» հայտնեց շարժման մասնակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը, սակայն, ասաց, թե իրենց դեռ հայտնի չէ ձերբակալությունների պատճառը, ու թե կոնկրետ ովքեր են ձերբակալվածների թվում։

«Որևէ հիմնավորում չի ներկայացվել, որևէ բան չի ասվել», - ասաց Դանիելյանը։

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորում ձերբակալությունները, նա ասաց, թե կարծում է՝ սրանք առնչվում են վարչապետի Թուրքիա այցի հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտնել է, որ քիչ առաջ «ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել» ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը առանց հստակեցնելու հայտարարել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման», - նշել է նա։

Կառույցից, սակայն, չեն հստակեցնում՝ արդյոք հենց Ոստիկանությունն է իրականացրել ՀՅԴ մարզային կառույցների անդամների ձերբակալությունները:

Քանի որ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՀՅԴ մարզային կառույցներում իրենք որևէ գործողություն չեն իրականացում, կարելի է ենթադրել, որ դրանք իրականացնում է Ոստիկանությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռ շարունակվում են ձերբակալությունների ու խուզարկությունների մասին ահազանգերը, սակայն այս պահին չի կարող ասել, թե քանի ընդդիմադիր է տարվել ոստիկանության բաժանմունքներ ու ինչ հիմքով:

Ընդդիմադիրների ձերբակալությունների հարցով զբաղվող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն «Ազատությանը» հայտնեց, որ ոստիկանություն տարված քաղաքացիներից ոմանք կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG