«Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների պատմական հանդիպում. Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման», - հարցնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով. - «Երկու երկրների դիրքորոշումների մերձեցումը սկսվեց Փաշինյանի կողմից լայնածավալ զիջումներից հետո։ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, հարևանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը և ցեղասպանության հարցը օրակարգից հանելը նշանակում են, որ այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման համար»։
BBC -ն միաժամանակ փաստում է, որ չնայած հայկական կողմի զիջումներին, Անկարան ունի նախապայման՝ նախ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Հայկական դիվանագիտության խնդիրն այժմ այս երկու գործընթացները միմյանցից անջատելն է։ Փաշինյանի և Էրդողանի հանդիպման արդյունքները ցույց կտան, թե արդյոք Թուրքիան պատրաստ է դրան», - գրում է BBC-ն:
Le Monde-ը հիշեցնում է, որ երեկ Ադրբեջանի նախագահն էր Թուրքիայում Էրդողանի հետ բանակցությունների համար։ «Իլհամ Ալիևը փառաբանեց թուրք-ադրբեջանական դաշինքը՝ որպես «նշանակալի գործոն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակով», - փաստում է ֆրանսիական լրատվամիջոցը, հավելելով՝ Էրդողանը կրկնեց իր աջակցությունը «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը»։
Reuters-ը, հղում անելով հայ բարձրաստիճան դիվանագետի, հաղորդում է, որ Փաշինյանն ու Էրդողանը պատրաստվում են քննարկել հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացը, ինչպես նաև՝ իսրայելա-իրանական հակամարտությունը և օտարերկրյա քաղաքացիների տարհանումը Իրանից, որը հարևան է և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային։
Associated Press-ը հիշեցնում է, որ սա Փաշինյանի երկրորդ այցն է Թուրքիա, 2023-ին նա մեկնել էր Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու։ Առաջին փորձը չէ նաև հայ - թուրքական հաշտեցման։
«Թուրքիան և Հայաստանը 2009 թվականին համաձայնության եկան պաշտոնական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը երբեք չվավերացվեց Ադրբեջանի ուժեղ դիմադրության պատճառով», - փաստում է Associated Press-ը:
Հայ - թուրքական առաջընթացի հնարավորությանը պետք է զգուշավորությամբ մոտենալ, գրում է թուրքական Daily Sabah-ը, մանրամասնելով՝ թեև երկու կողմերն էլ երկխոսելու պատրաստակամություն են հայտնել, սակայն դեռևս հստակ ճանապարհային քարտեզ ի հայտ չի եկել՝ նրանց երկարատև վեճերը լուծելու համար:
Ադրբեջանական Caliber.az-ը նշում է՝ այս այցն ուղղված է ոչ թուրքերին, ոչ էլ նույնիսկ ադրբեջանցիներին։ Ազդանշանի հիմնական հասցեատերը Արևմուտքն է, որը Երևանից պահանջում է «դրական դինամիկա»։ Նրանց անհրաժեշտ են գեղեցիկ նկարներ, «հալեցման» մասին վերնագրեր, «փոխադարձ հարգանք» և «բաց սահմաններ» բառերով տեքստեր։ Հայ - թուրքական հարաբերությունները, սակայն, կախված են ոչ թե գեղեցիկ խոսքերից, այլ՝ Հայաստանի ղեկավարության կոնկրետ քայլերից, առաջին հերթին՝ պաշտոնական Բաքվի՝ վաղուց հնչեցրած պայմանների կատարման ուղղությամբ, պնդում է Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերով հայտնի լրատվամիջոցը։
Նույնն է պնդել նաև ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն Minval.az-ի հետ զրուցում։ Միաժամանակ, վերլուծաբանը նշել է՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի կնքումն արագացնելու մասին Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրադարձություններն արագ զարգանում են, և մինչ Ռուսաստանը և Իրանը ներգրավված են պատերազմների մեջ, հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, համապատասխանում է ամբողջ տարածաշրջանի շահերին։ Շահինօղլուն կարծիք է հայտնել է, թե հենց այս գաղափարն է այսօր Էրդողանը ներկայացնելու Փաշինյանին։