Մատչելիության հղումներ

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։



Նիկոլ Փաշինյանն, ըստ հաղորդագրության, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը նախատեսված է երեկոյան Ստամբուլում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը, ինչպես նաև Իրան-Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետևանքները։

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Թուրքիայում․ Էրդողանի հետ հանդիպմանը նա փառաբանեց թուրք-ադրբեջանական դաշինքը՝ որպես «նշանակալի գործոն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակով»։ Էրդողանն իր հերթին կրկնեց աջակցությունը «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը»։
AFP-ն նշում է, որ «այս այցից առաջ՝ տարեսկզբին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կդադարեցնի ջանքերը 1915-ի ցեղասպանություն միջազգային ճանաչման ուղղությամբ Թուրքիային արված խոշոր զիջում, որը լայն քննադատության արժանացավ երկրում»։

Երևանը նախօրեին հայտնել է, որ Թուրքիայում նախատեսված չէ վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ, ով երեկ Թուրքիայում էր:

Հայաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Հայ-թուրքական բանակցությունների արդյունքներով սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Որոշումը, սակայն, կյանքի չի կոչվում:

Երևանն ու Անկարան պաշտոնական հաղորդագրություններում շեշտում են հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմսնների, սակայն Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը միաժամանակ նաև նախապայմաններ է հնչեցնում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG