Մատչելիության հղումներ

Իսրայելն ու Իրանը շարունակել են փոխադարձ օդային հարվածները


Իրանն ու Իսրայելը շարունակել են փոխադարձ օդային հարվածները հունիսի 19-ին:

Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանի ծայրամասերում կեսգիշերից հետո ակտիվացվել են երկրի հակաօդային պաշտպանական անօդաչու թռչող սարքերը։

Իսրայելի բանակը հաստատել է, որ հունիսի 19-ին «հարվածների շարք» է իրականացրել Իրանի մայրաքաղաքի ու երկրի այլ հատվածների վրա, ինչպես նաև հայտարարել, որ թռիչքի ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել է Իրանից արձակված «կասկածելի օդային թիրախ»։

Իսրայելի բանակը սոցիալական ցանցերում արաբերեն և ֆարսի լեզուներով տարհանման նախազգուշացումներ է հրապարակել Թեհրանից հարավ-արևելք՝ մոտ 250 կիլոմետր հեռավորությամբ գտնվող շրջանների բնակիչների, աշխատակիցների ու այցելուների համար։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ տեսաուղերձում հայտարարել է, որ Իսրայելը «քայլ առ քայլ առաջ է գնում»՝ ոչնչացնելու Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային կայաններից բխող սպառնալիքները։

Իրանը, իր հերթին, հայտնել է, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում ձերբակալել է 18 «թշնամու գործակալի», որոնք անօդաչու սարքեր են կառուցում իսրայելական հարվածներին աջակցելու համար։ Մանրամասները չեն հաղորդվել։

Իսրայելը հունիսի 13-ին էր սկսել օդային հարվածները՝ հայտարարելով, որ դրանք անհրաժեշտ են Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման համար։

Ուրբաթ օրվանից ի վեր Իրանն արձակել է մոտ 400 հրթիռ Իսրայելի ուղղությամբ, որոնցից շուրջ 40-ը հաղթահարել են օդային պաշտպանությունը՝ սպանելով 24 քաղաքացիական անձանց, հաղորդել են իսրայելական իշխանությունները։

Իսկ Իրանը հայտնել է առնվազն 224 զոհի մասին իսրայելական հարձակումների արդյունքում, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Սակայն այդ թիվը օրեր շարունակ չի թարմացվել։





XS
SM
MD
LG