Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն չի ընդունի առաջարկ, որը կկասեցնի հարստացումը ամբողջությամբ, «հատկապես այս պահին՝ իսրայելական հարվածների պայմաններում»։
Նյու Յորքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, Իսրայելի դեսպան Դանի Դանոնը հայտարարել է, որ իր երկիրը չի դադարեցնի հարվածները, «մինչև Իրանի միջուկային սպառնալիքը չչեզոքացվի»։
Իրանի ՄԱԿ-ում դեսպան Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին կոչ է արել միջամտել՝ հայտնելով, որ Թեհրանը լուրջ մտահոգություն ունի ԱՄՆ-ի՝ հնարավոր պատերազմին միանալու վերաբերյալ։
Թեհրանը հայտարարել է, որ չի բանակցի իր միջուկային ծրագրի շուրջ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը բացակայում է, քանի դեռ չեն դադարել իսրայելական հարվածները: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է ցուցաբերի «բանակցային լուծման գնալու վճռականություն»։
Հարցին՝ արդյոք Իրանը վրեժխնդիր կլինի՞ ԱՄՆ-ի թիրախների ու տարածաշրջանում տեղակայված ուժերի դեմ, եթե Նահանգները միանա Իսրայելին, Արասչին պատասխանել է, որ նման քայլը կդիտվի որպես ինքնապաշտպանության օրինական գործողություն։
«Երբ պատերազմ է, երկու կողմն էլ հարվածում են միմյանց։ Դա լիովին հասկանալի է։ Իսկ ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», - ասել է նա։
Իսրայելը հարված է հասցրել Իրանում՝ Սպահանում գտնվող միջուկային օբյեկտին, հաղորդում է Իրանի Fars գործակալությունը՝ հավելելով, որ վտանգավոր նյութերի արտահոսք չի գրանցվել։