Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը չի կարող այլևս ողջ մնալ՝ Իսրայելի հիվանդանոցն ու բնակելի շենքերը թիրախավորելուց հետո։
«Զինվորականներին հրահանգ է տրվել, և նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ», - ասել է Իսրայել Կացը։
Իրանն այսօր վաղ առավոտյան հարվածել է Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկին։ Կադրերում երևում է, որ շենքը գրեթե հիմնովին փլուզվել է:
Ըստ հիվանդանոցի տնօրինության՝ զոհեր կամ տուժածներ չկան։
Իրանական հարվածների թիրախում են եղել նաև Թել Ավիվի մոտակայքում գտնվող մի քանի այլ բնակելի շենքեր։ Առնվազն 40 մարդ վիրավորվել է։
Իսրայելի բանակը այսօր առավոտյան հաղորդել է, որ անցած գիշեր 40 կործանիչ ինքնաթիռներ ավելի քան 100 ռումբով հարձակվել են իրանական տասնյակ ռազմական օբյեկտների վրա: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ թիրախների թվում է եղել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորը:
Թեհրանը հայտարարել է, թե «ճառագայթային վտանգ չկա», և որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ:
Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են՝ արտգործնախարար Աբաս Արաղչին վաղը Ժնևում կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։