Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը՝ Amnesty International-ը Իսրայելին և Իրանին կոչ է արել խնայել խաղաղ բնակիչներին։ Նշվում է, որ հակամարտությունը սրվում է, իսկ զոհերի թվի վերաբերյալ անհանգստությունն՝ աճում։
«Քանի որ զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել, «Amnesty International»-ը երկու կողմերին էլ կոչ է անում կատարել իրենց պարտավորությունները և ապահովել, որ երկու երկրների քաղաքացիական անձինք իրենց կյանքի գնով չվճարեն ռազմական գործողությունների համար», - ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը։
Միացյալ Նահանգներն աշխատում է Իսրայելից ԱՄՆ քաղաքացիների տարհանման ուղղությամբ՝ կազմակերպելով չվերթներ և զբոսանավերի մեկնումներ, հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպանը։
Թեհրանի կենտրոնում ուժեղ պայթյուններ են լսվել, տեղից հաղորդում է «Ֆրանսպրեսի» թղթակիցը:
Իսրայելի արտգործնախարարը հակադարձել է Թուրքիայի նախագահին, ով այսօր պնդել էր, թե Նեթանյահուն գերազանցեց Հիտլերին:
«Զավեշտալի է, որ բարոյականության և միջազգային իրավունքի մասին խոսում է մեկը, ով չի թաքցնում իր իմպերիալիստական հավակնությունները, ով ներխուժել է Սիրիայի հյուսիս և անօրինական կերպով տիրապետում է Հյուսիսային Կիպրոսին», - գրել է Գիդեոն Սաարը X-ում։