ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի օրը Fox News-ին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ԱՄՆ դաշնակից Իսրայելի և Թեհրանի միջև սրացած լարվածությանը, դեռ նպատակ ունի Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել։
Հարցին, թե արդյոք Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի, Հեգսեթը պատասխանել է. «Իհարկե»։
Իսրայելի զինված ուժերը պնդում են, որ սպանել են Ալի Շադմանիին, ում ներկայացրել են որպես Իրանի պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետ և նշել, որ նա եղել է իրանական բանակի ամենաբարձրաստիճան սպան։ Թեհրանը չի հաստատել այս տեղեկությունը:
«Մեծ յոթնյակը» (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) երկուշաբթի տարածած հայտարարությամբ շեշտել է, որ Իրանը չպետք է երբևէ ունենա միջուկային զենք, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։
Երեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում պայթյուններ են հնչել, արձանագրվել է ինտենսիվ հակաօդային պաշտպանություն, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Asriran լրատվական կայքի տվյալներով՝ հակաօդային համակարգերն ակտիվացել են նաև Նաթանզ քաղաքում, ուր տեղակայված են Իրանի առանցքային միջուկային օբյեկտները՝ Թեհրանից մոտ 320 կմ հեռավորության վրա։
Իսրայելում կեսգիշերից հետո օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում: Լսվել է նաև պայթյունի ձայն: