Մատչելիության հղումներ

Իրանական հրթիռը հարվածել է իսրայելական հիվանդանոցին

Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

17:50 16.6.2025

Նեթանյահուն կոչ է անում Թեհրանի բնակչությանը տարհանվել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է անում Թեհրանի բնակչությանը տարհանվել, քանի որ առաջիկա ժամերին Իրանի մայրաքաղաքի ուղղությամբ կարող են նոր օդային գործողություններ ձեռնարկվել։

«Իսրայելի զինված ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Մենք մեր երկու հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին ենք։ Դրանք են Իրանի միջուկային և հրթիռային սպառնալիքների վերացումը։ Մենք ասում ենք Թեհրանի բնակիչներին՝ տարհանվեք և անցնում ենք գործի»,-հայտարարել է Նեթանյահուն։

15:05 16.6.2025

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Անկարան հայտարարել է, թե Էրդողանն ու Պուտինը համաձայնել են, որ Իսրայել-Իրան հակամարտությունը պետք է ավարտվի՝ հնարավորություն բացելով դիվանագիտության համար։

Ավելի վաղ նաև Կրեմլի խոսնակն էր հայտարարել, թե Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Իսրայելի միջև առճակատումը հարթելու համար։

14:56 16.6.2025

«Ուրբաթ օրը Իսրայելի կողմից ձեռնարկված առաջին հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներում՝ Նաթանզում և Ֆորդոյում, նոր ավերածություններ չկան», - այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին՝ այս կազմակերպության կառավարիչների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

Գրոսիի խոսքով՝ Նաթանզում ոչնչացվել են ուրանի հարստացման այն արտադրամասերը, որոնք ստորգետնյա չէին։

«Սպահանի միջուկային հետազոտությունների կենտրոնում ուրբաթ օրվա հարձակման հետևանքով չորս շինություն է վնասվել, այդ թվում՝ կենտրոնական քիմիական լաբորատորիան և ուրանի փոխակերպման գործարանը», - նշել է Գրոսին։

14:08 16.6.2025

«Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի և Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել կողմերին։ Սեղանին են նաև այն առաջարկները, որոնք ներկայացրել էր նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփի հետ նախորդ հեռախոսազրույցի ընթացում», - նշել է Պեսկովը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG